ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը Հայաստանում
Հայաստանի Հանրապետությունը դարձել է ՊԳԿ-ի անդամ 1993 թվականի նոյեմբերի 8-ին, իսկ ՊԳԿ-ի ներկայացուցչության գրասենյակը Հայաստանում հիմնադրվել է 2004 թվականին: ՊԳԿ-ի անդամ երկիր դառնալուց ի վեր, Հայաստանը ստացել է աջակցություն կազմակերպությունից՝ իրականացնելու տարբեր զարգացման և արտակարգ ծրագրեր, որոնք ուղղված են գյուղատնտեսական արտադրողականության բարձրացմանն ու պարենային անվտանգության բարելավմանը Հայաստանում։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և ՊԳԿ-ն՝ համագործակցելով Էկոնոմիկայի նախարարության, այլ ազգային հաստատությունների, ՄԱԿ-ի գործակալությունների, միջազգային զարգացման գործընկերների, քաղաքացիական հասարակության, գիտակրթական հաստատությունների, հետազոտական կենտրոնների և մասնավոր հատվածի շահագրգիռ կողմերի հետ, համատեղ խորհրդակցությունների և համաձայնագրերի արդյունքում հանձնառել են իրականացնել Երկրի ծրագրային շրջանակը (CPF)՝ կենտրոնանալով երեք առաջնահերթ ուղղությունների շուրջ: Այդ առաջնահերթ ուղղությունները նպատակ ունեն բարձրացնել գյուղատնտեսների, անտառտնտեսների և ձկնորսական համայնքների մրցունակությունը և բարելավել գյուղական կենսապահովումը: CPF-ը անդրադառնում է տեխնիկական, սոցիալական և տնտեսական բաղադրիչներին՝ հաշվի առնելով և արձագանքելով կանանց ու տղամարդկանց կարիքներին կյանքի տարբեր փուլերում, ինչպես նաև առավել խոցելի խմբերի պահանջներին։